Գնչուհին թութակով.1939, կտավ, յուղաներկ, 60×50, ընտանիքի հավաքածու
Իսաբեկյանի արվեստի ձևավորման վաղ շրջանում ֆրանսիական ռոմանտիզմի, հատկապես Դելակրուայի ազդեցությունը կարելի է նկատել կոմպոզիցիոն, երբեմն գունային, նաև՝ թեմատիկ ընդհանրություններում:
Դեռ ուսանողական տարիներից պահպանվել է նկարչի «Գնչուհին թութակով», 1939, նկարը, որի մտահղացման զուգահեռները Դելակրուայի «Կինը թութակով», 1827, աշխատանքի հետ դրսևորվել են նաև Ալ.Բաժբեուկ-Մելիքյանի արվեստում համանուն փոքրաչափ ստեղծագործության հետ: Վերջինս բաժբեուկյան կերպարային ընդհանրացումներով ձևի և գեղանկարչական պլաստիկայի նրբաճաշակ կատարում է:
Իսաբեկյանի «Գնչուհին թութակով» աշխատանքում նկատելի են բնորդից կատարված կարճատև սեանսի հիմքում ընկած դիտարկումներին ու կերպարի ծավալային մոդելավորմանը զուգընթաց ընդհանրացումները, խուլ կոլորիտը, թուխ մաշկին հակադրվող հագուստի, պարանոցի մանյակի ոսկեգույն փայլը, նաև գլխաշորի վարդագույն, ճերմակ լուսային վրձնահարվածները: Աշխատանքում որոշակի դիսոնանս է՝ չափով անհամապատասխանորեն մեծ թութակի պատկերը, որի գունային շեշտը գերակտիվ է կոլորիտային ամբողջականության համար: