Գրիգոր Գուրզադյան «Խոհեր»
Գրիգոր Գուրզադյանը հայկական աստղագիտության ակնառու դեմքերից է: Նրա համարձակ մտահղացումներն ու հետաքրքիր գիտական արդյունքները միշտ հիացմունք են առաջացրել գիտնականների շրջանում:
Գուրզադյանը ծնվել է 1922 թ.-ին Բաղդադում: 1915-ին նրա ծնողները Բաղդադ են գաղթել Արևմտյան Հայաստանից: 1944-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական / ճարտարագիտական ինստիտուտի հիդրոտեխնիկական և շինարարական ֆակուլտետները: 26 տարեկանում Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ: Աշխատանքային գործունեությունը Գրիգոր Գուրզադյանն սկսել է Բյուրականի աստղադիտարանում: 33 տարեկանում պաշտպանել է դոկտորական թեզ:
Գուրզադյանը տպագրել է ավելի քան 200 գիտական հոդված և մի շարք մենագրություններ: Միջազգային աստղագիտական ընկերության անդամ է 1950-ից և ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործիչ 1975-ից: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: Նրա ստեղծագործական ժառանգությանն են պատկանում նաև բազմաթիվ գեղանկարչական աշխատանքներ և գրական ստեղծագործություններ:
Ինչպես նշում է բանաստեղծ Հովիկ Հովեյանը, Գրիգոր Գուրզադյանը հոգևոր մտերմություն է փնտրում երկնային ու երկրային ծաղիկների միջև՝ ստեղծելով երկրային ծաղիկների զարմանահրաշ պատկերներ: Կերպարվեստի թանգարանում Գուրզադյանն անհատական ցուցահանդես է բացել 2006 թվականին: Ցուցահանդեսից հետո նա թանգարանին է նվիրել «Խոհեր» վերնագրված նատյուրմորտը: Բազմազբաղ ու բազմաշնորհ գիտնականը անկեղծ խոստովանություն է անում. «Կարոտից ու երաժշտությունից վեր ես ոչինչ չգիտեմ...»:
Download de gratis izi.TRAVEL app
Maak eigen audiogidsen!
Het gebruik van het systeem en de app is gratis